20.09.2018
![](news-img/UCLA18-01.jpg)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած ամերիկահայ հայտնի բժիշկ, Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:
ԱՄՆ-ից ժամանած հյուրերին ուղեկցեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը, այնուհետև շրջայց արեցին Հիշողության պուրակում, որտեղ պարոն Էսրաիլյանը և պարոն Բլոքը ջրեցին «Խոստումը» ֆիլմի ստեղծագործական կազմի կողմից 2017թվականին տնկած եղևնին՝ ի հիշատակ Ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի՝ պահպանելով խոստումը երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը:
Հյուրերը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, այցի վերջում պարոն Էսրաիլյանը և պարոն Բլոքը գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում։